ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետին հարցրեց, թե ինչ խնդիր է լուծում Ադրբեջանն իր բացահայտ ագրեսիայով:
«Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ինչքան էլ երջանիկ չենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար:
Պայքարում է հայտարարության երեք դրույթների դեմ՝ որ կա Լեռնային Ղարաբաղ, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է Ռուսաստանի Դաշնությունը, և Ռուսաստանը ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ իր համոզմունքը ձևավորվել է նաև բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա: