Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի համայնքներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը։
ՄԻՊ հավաքագրած տվյալների համաձայն՝ քաղաքացիական վիրավորների թիվը այս պահին 4-ն է, որոնցից երկուսին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։
Ադրբեջանական հարձակումից մինչև այս պահը, առնվազն 2570 անձ տեղահանվել է իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից։
Պաշտպանի գրասենյակը հիշեցնում է, որ ավելի վաղ արձանագրել էին շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքեր։ ՄԻՊ-ի գնահատմամբ՝ մեծաթիվ են ապացույցները նաև տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու վերաբերյալ։
Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։ Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքի և ընտանի կենդանիների։ Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ներառելով ավելի քան 9 հա տարածք։ Փրկարարների աշխատանքն առավելապես բարդացնում է փաստը, որ հրդեհի որոշ օջախներ գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության գոտում, իսկ որոշ դեպքերում այդ հատվածներն ակտիվ հրետակոծվում են։
ՄԻՊ-ն անդրադառնում է նաև ադրբեջանական մեդիա տիրույթում հայատյացության արձանագրված մակարդակին, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից: Դա գնահատում է շատ վտանգավոր և նշում, որ հաշվի առնելով փորձը՝ դա կարող է հանգեցնել ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների: Պաշտպանի աշխատակազմում ինտենսիվորեն ստացվող ու վերլուծվող տվյալներն ու ապացույցները՝ միջազգային իրավական հիմնավորումներով ուղարկվում են միջազգային կազմակերպություններին։
Հեղինակ՝ Աննա Զախարյան