ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին խորհրդարանական պատվիրակությունը նախատեսում է հրատապ ռեժիմով քննարկել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան՝ հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը: Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ ագրեսիան խաղաղության դեմ միջազգային ամենածանր հանցագործությունն է, որը պատժելի է միջազգային ու ներպետական իրավունքով: Շեշտեց՝ դրա մասին պետք է որ իմանա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, գործընկերներին՝ սատարել այս հարցը, բարձրացնել, կոչ եմ անում միջազգային գործընկերներին սատարել ՀՀ-ին նաև այն հարցում, որ մենք կարողանանք հստակ պատասխան տալ միջազգային ագրեսիային, որովհետև այսօր՝ մենք, վաղը՝ դուք՝ սա շատ հստակ պետք է իմանալ:
Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ: Հատկապես հասցեական համարեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցի մշտական զեկուցողներ Անդրեյ Կովաչևի և Ժելյանա Զովկոյի արձագանքները:
Արման Եղոյան (ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Համոզված եմ, որ մասնավոր խոսակցություններում դրանք եղել են էլ ավելի կոշտ, էլ ավելի սուր: Միջազգային մյուս գործընկերներին կոչ եմ անում հետևել այդ ոգուն, թույլ չտալ ագրեսորին հասնել իր նպատակներին: Իսկ այն, որ միջազգային արձագանքը չափազանց էական է նման ագրեսիան զսպելու գործում, դրանում ես որևէ կասկած չունեմ, հորդորում եմ՝ պահենք միջազգային ճնշման մակարդակը:
Հայաստանի զինուժն արդեն երկրորդ օրն է՝ անձնվիրաբար պայքարում է հայրենիքը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից պաշտպանելու համար: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համարում Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության շուրջ համախմբումը: Ագրեսորին զսպելու համար նա ևս միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական արձագանք ու կոնկրետ քայլեր:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Անվերապահ մեր աջակցությունը պետականության համար կռիվ տվող զինված ուժերին, ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ժամանակավորապես մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները: Դիմելով հանրությանը՝ ուզում եմ հավաստիացնել, որ Ազգային ժողովը օգտագործում է խորհրդարանական բոլոր խողովակները Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիայի մասին միջազգային գործընկերներին տեղեկացնելու, հասցեական արձագանք պահանջելու համար:
Բանակը, Վահագն Ալեքսանյանի խոսքով, արժանի դիմադրություն է ցույց տալիս թշնամուն: Ըստ պատգամավորի՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողներին օգնության մեկնած կամավորականները մինչև առաջնագիծ հասնելը անցնում են լրջագույն ֆիլտրացիա՝ նախորդ սխալները չկրկնելու համար:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մեր բանակը, այո՛, չի գնում առաջ, Շահումյանը, Շուշին հետ չի բերում, Բաքու չի հասնում, ամուր կռվում է սեփական պետության սահմաններին: Ցույց է տալիս արժանի դիմադրություն կրակի խտությունից հետո, որը չի եղել Ապրիլյանի ժամանակ, այս դիմադրությունը մեծ անակնկալ է թշնամու համար: Պիտի աջակցենք դիմադրությանը, բարձրացնենք դիմադրողականությունը:
Դա հնարավոր է անել միասնական ջանքերով, քանի որ, ըստ պատգամավորի, այլ ճանապարհ չկա: