Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանին մեր խորհրդարանական պատվիրակությունը նախատեսում է հրատապ ռեժիմով քննարկել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստում հստակ ընդգծվել է «ագրեսիա» բառը:
«Համար մեկ բառը, որ օգտագործվել է այդ փաստաթղթում, «ագրեսիա» բառն է: Ագրեսիան միջազգային ամենածանր հանցագործությունն է, որն անվանում են նաև «հանցագործություն խաղաղության դեմ», այս արարքը նախատեսում է շատ լուրջ պատասխանատվություն և՛ այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր սանձազերծել են, և՛ այն պետության նկատմամբ, ով դիմել է այս քայլին: Այս արարքը պատժելի է թե՛ միջազգային սովորութային իրավունքով, թե՛ ներպետական իրավունքով: Պետք է շատ հստակ նշել և ասել, որ ագրեսիան պատժելի արարք է համարվում նաև Ադրբեջանի քրեական օրենսգրքով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սա պետք է հստակ իմանա»,- ասաց Վարդանյանը:
Միջազգային գործընկերներին պատգամավորը կոչ արեց սատարել Հայաստանին այն հարցում, որ հնարավոր լինի հստակ պատասխան տալ միջազգային ագրեսիային:
«Որովհետև այսօր մենք, վաղը՝ դուք»,- ասաց Վարդանյանը: