Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Կոպենհագենի համալսարանական քոլեջի ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես, ռիսկ և բիզնեսի շարունակականության դասախոս Յակոբ Թաարուպ-Էսբենսենին և դոցենտ Մարեն Էգեդորֆին:
Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ու Կոպենհագենի համալսարանական քոլեջի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ) միջև շփումներին վերաբերող հարցեր:
Արտյուշ Գրիգորյանը նշել է, որ ակադեմիան նախարարության կարևորագույն կառույցներից է, նաև տեղեկացրել, որ այս տարի դիմումների թիվն աննախադեպ էր. ընդունվել են լավագույն 233-ը:
«Օրեր առաջ ԱԻՆ քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել է ՄԱԿ-ի խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի միջազգային ստանդարտով: Մենք իսկապես ունենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի մեր ուսանողներն ու աշխատակիցները ստանան համապատասխան հմտություններ՝ գիտելիքներին զուգահեռ: Ուրախ ենք, որ այս ոլորտում եվրոպական ընտանիքի անդամ ենք: Սակայն մենք չենք ցանկանում բավարարվել ձեռք բերածով: Այս իմաստով համալսարանական քոլեջի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրա վերաբերյալ փաստաթուղթ կստորագրենք, օրինակ՝ հուշագրի տեսքով: Վստահ եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով»,- նշել է Արտյուշ Գրիգորյանը:
Ըստ ԱԻ նախարարի առաջին տեղակալի՝ երկու երկրների բուհերի միջև համագործակցությունը պետք է լինի դասախոսական կազմի փոխադարձ այցելությունների և ուսանողների փոխանակման տեսքով: Նա նաև ընդգծել է, որ ԱԻՆ-ի համար ոչ միայն կարևոր է ունենալ մասնագետներ, որոնք իրականացնում են փրկարարական աշխատանքներ՝ արձագանքելով դեպքերին և պատահարներին, այլև աղետների ռիսկերի կառավարում՝ որպես փրկարար աշխատանքի հիմք:
«Արտակարգ դեպքերը մեր երկրում անպակաս են: 1988 թվականին տեսել ենք ավերիչ երկրաշարժ, պարբերաբար աղետներ են տեղի ունենում, անտառային հրդեհներն էլ գրանցվում են գրեթե ամեն օր: Մենք պարտավոր ենք ունենալ ԱՌԿ մասնագիտացած համակարգ»,- հավելել է Արտյուշ Գրիգորյանը:
Իր հերթին, Յակոբ Թաարուպ-Էսբենսենը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն մի շարք հանդիպումներ են անցկացրել, այդ թվում ամերիկյան համալսարանում և սեպտեմբերի 15-ին նախատեսված է նաև այց ՃԿՊԱ:
«Ակադեմիայի հետ համագործակցությունը ոչ թե նոր է սկսվում, այլ վերսկսվում է: Մենք դեռևս 2019 թվականին էինք այցելել ուսումնական այդ հաստատություն և սա հին ընկերներին հանդիպելու լավ հնարավորություն է: Նախատեսում ենք աշխատել ուսանողների փոխանակման շուրջ, դրա համար ֆինանսական միջոցներն արդեն առկա են: Հույս ունենք, որ արդեն այս աշնանը հնարավորություն կունենանք ուսանողներ ուղարկել Հայաստան»,- ասել է Յակոբ Թաարուպ-Էսբենսենը:
Նա ևս չի բացառել Դանիայում ՔՈՓ թիմի ձևավորում է, և այդ իմաստով կարևորել է հայկական փորձի ուսումնասիրությունը:
«Մենք ունենք համագործակցության և հետաքրքրությունների լայն շրջանակ՝ կրթական և փորձի փոխանակման ոլորտներում: Դանիան աշխարհագրական դիրքով հարթ երկիր է՝ ամենաբարձր կետը 180 մետրն է, սակայն դա չի խանգարում ունենալ ՔՈՓ թիմ: Մենք կցանկանանք ծանոթանալ հայկական փորձին: Համոզված ենք, որ աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից ձեր երկիրն ավելի հարուստ է, քան Դանիան, և մենք, իսկապես, համագործակցության շատ լավ հնարավորություններ ունենք»,- եզրափակել է դանիացի դասախոսը: