Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը:
Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական քաղաքացիական զենքին, ըստ հեղինակների, սահմանված է թերի:
Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության և այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել և կրել համապատասխան ծառայողական զենքը՝ ծառայողական պարտականություններից դուրս:
Նախաձեռնությամբ ակնկալվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը: