ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտոնական Երևանի դիմումի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի թեմայով քննարկումը: Այն նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան:
Քննարկման արդյունքով պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել է ՀԱՊԿ-ի ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատել և կարգավորել իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:
Նեբենզյան նաև տեղեկացրել է՝ Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթում հղում արվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին: