Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
«Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել են հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն՝ մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Հակառակորդն ստանում է արժանի պատասխան, ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իր առջև դրված մարտական խնդիրները։ Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնում են ՊՆ-ից: