Առաջարկվող փոփոխությունների նպատակը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության սահմանումն է: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:
Դեռևս 2020 թ. հունվարին Ազգային ժողովն ընդունել էր «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, որոնցով նախատեսվել էր, որ սեփականատերերն օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարները պետք է կատարեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին՝ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցում կատարելու եղանակով: Ըստ Դավիթ Գրիգորյանի՝ 2021 թ. տարեվերջի արդյունքների ամփոփմամբ՝ ակնհայտ է դարձել, որ բազմաբնակարան շենքերի զգալի մասն արդեն ունի բացված բանկային հաշիվներ: Սակայն անհրաժեշտություն է առաջացել վարչական պատասխանատվություն նախատեսել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ եթե նույն արարքը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր խախտման համար սահմանված տուգանքի կրկնակիի չափով: