Իտալիայի Սենատի անդամ, «5Աստղ շարժման» ներկայացուցիչ Ալբերտո Աիրոլան գրում է.
«Շատ խիստ մտահոգված եմ անցած գիշեր Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով տեղի է ունեցել զինադադարի լուրջ խախտում, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել հայկական կողմից։ Բռնության գործողությունները պետք է դատապարտվեն։ Էսկալացիան սպառնում է նորից պայթեցնել հակամարտությունը: Ներկա միջազգային լարվածության շրջանակներում այն կարող է նոր և շատ վտանգավոր հակամարտության ճակատ բացել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև՝ ամբողջությամբ ի շահ Էրդողանի Թուրքիայի, որն արդեն երկար ժամանակ թեժացնում է կրակը՝ հետապնդելով նեոօսմանյան հեգեմոնիայի իր ծրագրերը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կմոբիլիզացվի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը վերականգնելու և պահպանելու համար»։
Fratelli d’Italia կուսակցության նախագահ Ջորջա Մելոնին հայտարարել է. «Մտահոգությամբ եմ հետևում Հայաստանից եկող լուրերին, որտեղ երեկ երեկոյան ադրբեջանական բանակի հարձակումը պատճառել է զոհեր՝ այդ թվում խաղաղ բնակիչներ, և բազմաթիվ վիրավորներ։
Ես միանում եմ Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու միջազգային հանրության կոչերին և կոչ անում կողմերին, որպեսզի գերակայեն երկխոսությունը, միջազգային օրինականության հանդեպ հարգանքն ու տարածաշրջանի կայունությանն ուղղված ջանքերը»։
Իտալացի խորհրդարանականներ Պաոլա Բինետին, Ստեֆանո Բորգեզին, Ումբերտո Բուրատին, Լաուրա Կավանդոլին, Ջուլիո Չենտեմերոն, Վիտո Կոմենչինին, Ջուզեպպե Դոնինան, Պաոլո Ֆորմենտինին, Նիկոլո Ինվիդիան, Ելենա Մուրելին, Տուլիո Պատասինին, Կատիա Պոլիդորին, Ալբերտո Ռիբոլան, Ջովանի Տոմբոլատոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո և վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, ցավոք, շարունակում է աճել համաձայն պաշտոնական մամուլի հաղորդագրությունների, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, և միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին ու ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը»:
Անդրեա Դելմաստրո դելլե Վեդովեն՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Fratelli d'Italia-ի խմբի ղեկավարը հայտարարել է.
«Ես չափազանց լուրջ եմ համարում այս գիշեր Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ արևելյան սահմանի երկայնքով իրականացված հարձակումը: Գործողությունը վտանգավոր կերպով հրահրում է թուրքական կողմը, որը ցանկանում է տարածել իր գերիշխանությունը տարածաշրջանի վրա, մինչդեռ Եվրոպան տուժում է էներգետիկ ճգնաժամի և Ուկրաինայում պատերազմի հետևանքներից: Այս գիշեր սկսված հարձակումը սպառնում է Կովկասը ներքաշել վտանգավոր զինված հակամարտության մեջ և վտանգի տակ է դնում տարածքում բնակվող հազարավոր հայերի կյանքն ու անվտանգությունը։ Կողմերին անհապաղ զինադադարի և խաղաղ բանակցությունների վերսկսման կոչ ենք անում»:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի պատվիրակության անդամ, սենատոր Անդրեա Կանջինիի գրառման մեջ ասված է. «Անցած գիշեր Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ այս անխոհեմ, չպատճառաբանված և միանգամայն չարդարացված ագրեսիան ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, այլև Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի ևս մեկ խախտում է։
Այս պատմական պահին, երբ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն տալիս են հաստատակամության և համախմբվածության մեծ ազդանշան՝ բոլոր ջանքերով փորձելով ճնշել ռուսական ներխուժումը Ուկրաինայի դեմ, նույնքան հրատապ է, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Հայ ժողովրդին հայտնում եմ իմ մարդկային և քաղաքական անկեղծ մտերմությունը»։
Forza Italia-ի պատգամավոր և Պատգամավոդների պալատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին հայտնել է.
«Խորին մտահոգություն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր վերսկսման կապակցությամբ։
Ռազմական ուժի կիրառումը որպես տարածքային վեճի լուծման միջոց անընդունելի է և հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների համակեցության կանոններին:
Իտալիայի կառավարությունը պետք է միանա ամերիկյան դիվանագիտության և Եվրամիության ջանքերին, որպեսզի ռազմական գործողությունները երկու երկրների սահմանին և, մասնավորապես, Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը չշարունակվեն։ Վերջին ամիսների ընթացքում ձեռք բերված հրադադարը պետք է պահպանվի և ամրապնդվի՝ խաղաղության ավելի ընդլայնված համաձայնագրի հասնելու նպատակով»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Բրանդո Բենիֆեյը հայտարարել է.
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի հետ արևելյան սահմանի հատվածից։
Ես խորհրդարանական հարցում եմ ներկայացրել բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ հասկանալու համար, թե Եվրահանձնաժողովը ի՛նչ միջոցներ է մտադիր ձեռնարկել ագրեսիան դադարեցնելու և երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։
Եվրամիությունը չի կարող մնալ հետին պլանում, այն պետք է անհապաղ գործի` օգտագործելով իր բոլոր բազմակողմ դիվանագիտական ռեսուրսները` ապահովելու ագրեսիայի անհապաղ և տևական դադարեցումը»: