ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե արդյոք նա աշխարհաքաղաքական կոնտեքստ տեսնո՞ւմ է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հիմքում:
«Այո՛, կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, որովհետև Ադրբեջանը բավական երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը. գնում է Արևմուտք, Արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսամետ պետություն և փորձում առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: Իսկ Ռուսաստանի հետ հաղորդակցություններում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, որը Եվրամիության, ԱՄՆ-ի հետ ինտենսիվ հարաբերություններ ունի: Փորձ է անում Ռուսաստանում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել, պայմանական ասած, արևմտամետ քաղաքականության համար: Փորձ է անում նաև Ռուսաստանում ըմբռնում ստեղծել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար:
Չեմ բացառում, որ Արևմուտքում և Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս և իրենց մտածածին համահունչ են:
Հույս ունեմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ վերջին շրջանում Հայաստանն ինտենսիվացրել է շփումները և՛ Ռուսաստանի, և՛ արևմտյան երկրների հետ՝ բացատրելու, որ այդ խոսույթը որևէ կապ չունի իրականության հետ:
«Այն, որ Հայաստանը ռազմաքաղաքական շատ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, փաստ է: Այն, որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արևմտյան երկրների հետ, դա էլ է փաստ: Բայց այն համատեքստը, որ փորձում է ներկայացնել Ադրբեջանը, բացարձակապես կապ չունի իրականության հետ»,- ասաց նա: