Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում առաջարկություն է հնչել դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը: Օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց, որ այս խնդրի գործնական իրագործման համար կարևոր է միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը: