Նախաձեռնության նպատակն է նպաստել լսողության խնդիր ունեցող անձանց համար տեղեկատվություն մատչելիությանը՝ ասել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի հեղինակ Զարուհի Բաթոյանը:
Օրեսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:
Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը, ինչպես նաև հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար՝ ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ և ռազմական դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը:
«Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը, իրավական հիմքեր ստեղծել Ազգային ժողովի հատուկ նիստերի, խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու համար:
ԱԺ գլխադասային հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Կառավարությունը ներկայացրել էր մի շարք առաջարկներ, որոնք հեղինակն ընդունել է:
Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու և կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Կրթության մասին» օրենքում:
«Կառավարության դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ դրական է»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 5 առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից: Փոխնախարարի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովման մասով աշխատանքները սկսված են. այս տարի 4 մարզ և Երևանն անցել են համընդհանուր ներառման: Պետական բյուջեով այս տարվա սեպտեմբերին ավելի քան 200 մլն դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Գալիք տարվա բյուջետային հայտում ավելի քան 35 մլն դրամ նախատեսվել է բրայլյան դասագրքերի և տետրերի գնման համար: