Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվել են գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։
Հայոց Հովվապետը կարևորել է, որ գնդերեցները շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, գոտեպնդեն ու բարձր պահեն նրանց մարտական ոգին։
Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է եկեղեցականներին հովվական խնամք ցուցաբերել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին և վիրավորներին։