Սպիտակ տունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղիղ երկխոսություն հաստատելու կոչ է արել: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին այսօր նշել է, որ հայ - ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների մասին հաղորդումները, ինչպես նաև Հայաստանի ուղղությամբ գնդակոծություններն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները շարունակում են իրենց մտահոգել:
Քիրբին հայտնել է, որ Սպիտակ տունն ակտիվ շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հասկանալու համար` ինչպես կարող են դադարեցնել բռնությունները: Սպիտակ տան ներկայացուցիչը կրկին վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, կոչ արել խուսափել հավելյալ բռնություններից։
«Մենք նաև հորդորում ենք երկու կառավարություններին հաստատել շփման ուղիղ միջոցներ, այդ թվում՝ դիվանագիտական և ռազմական խողովակներով, և հանձնառու մնալ ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը», - ասել է նա: