Աշխարհի տարբեր երկրներից արձագանքել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողություններին: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները, իսկ այժմ հարձակվել է Հայաստանի սահմանի վրա։
«Սա հրադադարի կոպտագույն խախտում է և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պետք է անհապաղ և ընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող օգնությունը»:
Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը համոզմունք է հայտնել, որ հայկական քաղաքների և անմեղ քաղաքացիների գնդակոծումն անօրինական է և անընդունելի: «Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- ընդգծել է Մենենդեսը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա: Փալոնը հայտարարել է, որ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան: Նա կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում է միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքները։
«Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով։ Որպեսզի պարզ լինի՝ դրանք հայկական քաղաքներ են, ոչ թե վիճելի տարածքներ։ Անբարեխիղճ է, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին»:
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն նույնպես խստորեն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։ «Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,- շեշտել է կոնգրեսականը:
Ադրբեջանի գործողությունները դատապարտել են ֆրանսիացի օրենսդիրները: Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Թվիթերում գրել է.
«Այս գիշեր ադրբեջանական ռմբակոծություններով Սյունիքում և այլուր ոտնահարվում է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միջազգային միասնական և անհապաղ արձագանք»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունից պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը ադրբեջանական սադրանքին անդրադարձել է տելեգրամի իր ալիքում: «Իմ մտքերը Հայաստանի և հայերի հետ են: Ադրբեջանը լայնածավալ հարձակման է անցել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամ երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղը ես կդիմեմ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնային, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:
Հայաստանից ստացվող լուրերն առանձնահատուկ տագնապալի է բնորոշել Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիեն: «Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»,- հայտարարել է Մուսելիեն:
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: «Չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին՝ Ադրբեջանի իշխանության հռետորաբանությունը վկայում է հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու Բաքվի մտադրության մասին»։
Մտահոգություն է հայտնել նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: «Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի կողմից իրականացված հրետակոծության կապակցությամբ»,- հայտարարել են կառույցից՝ կոչ անելով անմիջապես դադարեցնել կրակը: