Մոսկվայի միջնորդությամբ ձեռք է բերվել կրակի դադարեցման համաձայնություն՝ հայտարարությունը տարածել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի ամբողջ ծավալով: «Ծայրահեղ մտահոգ ենք հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ»՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ հետագա էսկալացիայից, ցուցաբերել զսպվածություն, հետևել 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունների կետերին: Մոսկվան նշել է՝ սերտ կապի մեջ է Բաքվի ու Երևանի հետ:
«Ստացել ենք Հայաստանի ղեկավարության դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված` սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի ամբողջ ծավալով»:
Մոսկվան կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ կոնկրետ սահմանային հարցերը պետք է լուծվեն սահմանազատման հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովի շրջանակում՝ ՌԴ խորհրդատվությամբ:
ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Իրանի ԱԳՆ խոսնակն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների և լարվածության սրման առնչությամբ, զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել: Նասեր Քանանին ընդգծել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն: Խոսնակը նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել հարևան երկրների միջև հակասությունների կարգավորման համար:
ՄԱՐՏԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՎԵՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Թվիթերում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով»,- գրել է Կլաարը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԻ. ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերն անընդունելի է համարել Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի իրականացրած հարվածները։ Կարպենտերը «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՝«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- նշել է նա։
ԿԱՆԱԴԱՑԻ ՍԵՆԱՏՈՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան: «Կանադայի և միջազգային հանրության կողմից նավթով հարուստ Ադրբեջանի անպատժելիությունը կանաչ լույս է ավելի ցեղասպանական վարքագծի և Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի համար»,- Twitter-ում գրել է կոնգրեսականը: