Անթույլատրելի է ադրբեջանական կողմի գործողությունները, կարևոր է միջազգային հանրության համարժեք արձագանքը: Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսած Ադրբեջանի ագրեսիվ, սադրիչ գործողությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահին: Ագրեսիվ գործողությունները ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով՝ մանրամասներ է փոխանցել Փաշինյանը: Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նշել՝ Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններն ընթանում են սահմանի տարբեր ուղղություններով: Նախագահ Մակրոնը շեշտել է՝ անթույլատրելի է լարվածության հետագա խորացումը, կա իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտություն:
Միջազգային հանրության համարժեք արձագանքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հեռախոսազրույցից հետո պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով»:
Հակամարտությունը ռազմական լուծում չի կարող լինել՝ ընդգծել է պետքարտուղարը, կոչ արել՝ անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն:
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար:
Վարչապետը հեռախոսով մանրամասներ է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին: Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի ,է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին է տեղեկացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Նախարար Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ, ներկայացրել Ադրբեջանի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկել ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
Միրզոյանը Հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերի տեղակալ Քերըն Դոն-ֆրիդիի հետ՝ ներկայացրել ստեղծված իրավիճակն ու շեշտել՝ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ադրբեջանական ագրեսիայի հետմղման համար։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ:
Հեղինակներ՝ Նիկոլայ Ավետիսյան,
Իրինա ՄԿրտչյան