Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։
«Երկու երկրների իշխանությունների միջև բարձր մակարդակով վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրոպայի խորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է հարգվի»,- նշել է Բուրիչը:
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը: