Հայաստանի 8 մարզի 18 համայնքում սեպտեմբերի 25-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի Ալագյազ համայնքում տեղի կունենա մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություն, մյուս 17 համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններ են: Խոշորացված 17 համայնքում ընդգրկված է 281 բնակավայր: Ձևավորվել է 314 տեղամաս: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 կուսակցություն և կուսակցությունների դաշինք:
Տիգրան Մուկուչյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Համայնքներից երկուսում ունենք մեկական առաջադրում. դրանք Ջրվեժ և Ճամբարակ համայնքներն են: Բայց ունենք համայնքներ, որտեղ բավականին մեծ է մրցակցությունը: Կա, որ 7 քաղաքական ուժ է մասնակցում, կա, որ 5-ը, 4-ը: Օրինակ, ունենք Սիսիան համայնքում 7 թեկնածու, 5-ը՝ Թալինում:
Կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված է ավելի քան 1 900 թեկնածու: Քվեարկությանը կմասնակցի մոտ 280 հազար քաղաքացի: Տեղամասային կենտրոններում արդեն իսկ փակցվել են ընտրողների ցուցակները: ԿԸՀ նախագահը հիշեցնում է՝ բոլոր նրանք, ում անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրացել է սեպտեմբերի 25-ին նախորդող վեց ամսվա ընթացքում, կընդգրկվեն ցուցակներում, եթե ավելի վաղ է լրացել ժամկետը՝ չեն ընդգրկվի:
Տիգրան Մուկուչյան - Կհորդորեմ, որ չսպասեն քվեարկության օրվան, դիմեն` ստանալու վավեր փաստաթղթեր, որ մասնակցեն: ՏԻմ ընտրությունների ժամանակ այդ ցուցակները տեղամասային կենտրոններում փակցված են, կհորդորեմ նախապես ճշտեն:
Կուսակցությունների գրանցումից հետո մասնակից ուժերին ԿԸՀ-ում տրվել են համարներ, որոնք կլինեն նաև քվեաթերթիկների վրա: Այնպես, ինչպես խորհրդարանական ընտրության ժամանակ, քվեարկությունը գրիչով չի իրականացվի: Յուրաքանչյուր կուսակցության համար կտպվի համապատասխան համարով քվեաթերթիկ:
Տիգրան Մուկուչյան - Իր կողմից քվե տրվող կուսակցության քվեաթերթիկը դրվելու է ծրարում, մյուսները կգցվեն արկղ, իր քվեարկած կուսակցության քվեաթերթիկի ծրարը կգցվի քվեատուփ: Համամասնական ընտրակարգով որ լինի նման մոտեցում, սա առաջին անգամ է:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ էական խնդիրներ այս պահին չեն արձանագրվել, կան քարոզչական պաստառները չսահմանված վայրերում փակցնելու խնդրին առնչվող առանձին ահազանգեր: Մեկ շաբաթ առաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 23-ին, 24-ը լռության օր է: