ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայտարարություն ժամը 14.00-ի դրությամբ:
«Ժամը 14.00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49-ը, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից:
Տվյալների լիարժեք ճշտումներից հետո ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին: Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան:
ՊՆ-ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ: Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ»,- ասված է հայտարարության մեջ: