Իրանի ԱԳՆ խոսնակն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների և լարվածության սրման առնչությամբ, զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել: Նասեր Քանանին ընդգծել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն: Խոսնակը նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել հարևան երկրների միջև հակասությունների կարգավորման համար:
Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը լուծելու համար՝ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: «Մենք շահագրգռված ենք այդ հարցում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր խաղալ, մենք ամեն ինչ կանենք գործընթացին նպաստելու համար», - ասել է կուսակցության նախագահը:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ զինված ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարծիք է հայտնել Բուրիչը: «Երկու երկրների իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները բարձր մակարդակով խոստումնալից էին և պետք է շարունակվեն»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ շեշտելով, որ Եվրախորհուրդ մտնելիս՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը պետք է հարգվի։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը:
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ թվիթերում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով»,- գրել է Կլաարը:
ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես Եվրամիությանը հստակ արձագանքելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը: «Անատամ հայտարարությունների ժամանակը չէ, որոնցով կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել երկու կողմին էլ»՝ հայտարարել է ԵԽ պատգամավոր՝ հիշեցնելով, որ նա երկու շաբաթ առաջ Ադրբեջանն ու Հայաստանը Բրյուսելում պայմանավորվել են մեկ ամսվա ընթացքում սկսել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման աշխատանքները։
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին։ «Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է բաց թողնել՝ ասված է նախագահության թվիթերի էջում: ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը նախկինի պես պատրաստ է աջակցել կողմերին՝ երկարաժամկետ լուծում գտնելու համար:
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերն անընդունելի է համարել Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի իրականացրած հարվածները։ Կարպենտերը «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՝«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- նշել է նա։
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիան: «Կանադայի և միջազգային հանրության կողմից նավթով հարուստ Ադրբեջանի անպատժելիությունը կանաչ լույս է ավելի ցեղասպանական վարքագծի և Հայաստանի ինքնիշխան տարածքների, նրա ժողովրդի նկատմամբ շարունակական ագրեսիայի համար»,- Twitter-ում գրել է կոնգրեսականը: