ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և իր հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում:
Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում:
ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը:
Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»,- նշված է հայտարարության տեքստում:
Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը: