ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՄՈՒՏ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՍԻՄՈՆՅԱՆ
Ադրբեջանի իշխանության շրջանառած «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը Հայաստանի կարմիր գիծն է և քննարկման ենթակա չէ: Արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին` վերահաստատեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Բոլոր կետերը, որոնք կան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Հայաստանը պատրաստ է և իրագործում է: Ադրբեջանցիները կարող են տեղափոխվել Նախիջևան Հայաստանի օրենքներին համապատասխան: «Միջանցք» ձևակերպումը չի կարող լինել, այն չկա որևէ բանակցային փաստաթղթի մեջ:
Վերջին օրերին սահմանային իրավիճակի հետ կապված Բաքվի ապատեղեկություններն ու այլ սադրանքները այդ երկրի իշխանության գործելաոճն են՝ արձանագրում է Սիմոնյանը՝ հավելելով՝ բանակցային գործընթացը շարունակվում է, Հայաստանն էլ հետամուտ է խաղաղության գործընթացին:
Ալեն Սիմոնյան - Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով:
Խորհրդարանի խոսնակը ուժեղ և արհեստավարժ բանակ ունենալուն ուղղված քայլ է համարում 24 մլն դրամի դիմաց զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու օրինագիծը: Ասում է՝ բազմաթիվ մարդիկ տարբեր միջոցներով ազատվել են ծառայությունից, իսկ օրենքի ընդունումից հետո պետբյուջե վճարվող գումարը հնարավորություն կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ:
Ալեն Սիմոնյան - Մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա երկու արհեստավարժ զինվորական ունենալ:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԲՈՅԿՈՏԻՆ
Լրագրողներին հետաքրքրող հաջորդ թեման Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին մանդատից զրկելու նախաձեռնությունն էր: Գարնանային նստաշրջանի ավարտին Ազգային ժողովի խորհուրդը նիստ էր հրավիրել՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Խորհրդի նիստն այն ժամանակ չկայացավ: Այսօր աշնանային նստաշրջանը մեկնարկեց դարձյալ առանց ընդդիմության, Ալեն Սիմոնյանը չբացառեց՝ եթե բացակայությունների շեմն անցնեն, հարցը դարձյալ կգա օրակարգ:
Ալեն Սիմոնյան - Մենք շատ քննարկել ենք այս հարցը կուսակցությունում, վարչությունում, մեր խմբակցությունում: Տարբեր կարծիքներ են հնչել, կարծիք է եղել ձեռք մեկնել և հնարավորություն տալ վերադառնալ, որին ես անձնապես դեմ եմ եղել: Մեջներից երևի ամենաճիշտ և արժանապատիվ ձևով իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա:
Խորհրդարանի նիստերը բոյկոտած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ հայտարարել էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին պետք է հասնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վրա ճնշումների և պարտադրանքի ճանապարհով: Ալեն Սիմոնյանն այդ գործընթացը լուրջ չի համարում:
Ալեն Սիմոնյան - Ինքը լուրջ քաղաքական գործիչ չի, ինքը իրեն սպառել է: Իրեն տարան իր գործընկերները, փուռը տվեցին շատ հաջող ձևով, հա՛մ դաշնակցական գործընկերները, հա՛մ հանրապետական:
Ընդդիմադիր ճամբարում տարբեր հարցերում տարաձայնություններ կան, ասում է Սիմոնյանը, նշում՝ տարբեր տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների մի մասը ցանկանում է վերադառնալ խորհրդարան, մյուսները այդ քայլը սխալ են համարում:
Ալեն Սիմոնյան - Կա Ռոբերտ Քոչարյանի մի քանի հոգին, կան դաշնակցականները, որոնք պարտադրում են իրենց կամքը, որովհետև մեծամասնություն են կազմում: Եվ կան ֆրիլանսերներ, որոնք որ իրենց առօրյա հարցերն են փորձում լուծել, բայց ինչ-որ չափով մնացել են թակարդի մեջ, որովհետև հիմա ինչ-որ ձևով ուզում են դուրս գալ այդ ավտոբուսից, բայց ավտոբուսի դռները պարոն Քոչարյանը իրենց համար չի բացում:
Ազգային ժողովի նիստին զուգահեռ` ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Անի գրանդ հյուրանոցում Հայաստանի և Արցախի անվտանգային թեմայով հանրային քննարկում էին հրավիրել: Հարցին՝ այլընտրանքային խորհրդարանի այս ձևաչափը կարո՞ղ է խանգարել իրական օրենսդիր մարմնի գործունեությանը, Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց` վստահեցնելով՝ այն չի կարող խոչընդոտել ամենաբարձր լեգիտիմություն ունեցող խորհրդարանի աշխատանքին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան