Ադրբեջանական պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, իրենց գործողություններն էլ եղել են դրանց պատասխանը, իրականությանը չեն համապատասխանում՝ խորհրդարանում հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով կեսգիշերից սահմանում սկսված մարտերին: Թե ինչու է հակառակորդը հրետակոծում հայկական դիրքերը, նաև խաղաղ բնակավայրերը՝ երկրի ղեկավարի կարծիքով՝ մի քանի պատճառ ունի:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ՀՐԵՏԱԿՈԾՄԱՆ ՊԱՏՃԱՌ
Առաջինը բանակցային գործընթացն է. Փաշինյանի խոսքով՝ բրուսելյան վերջին հանդիպմանը պարզվեց՝ Բաքուն հրաժարվում է խաղաղության պայմանագրի բանակցություններ վարել իր 5 կետանոց առաջարկներին որպես հավելում Երևանի ներկայացրած սկզբունքների հիման վրա, իսկ այդ կետերից մեկն ուղիղ առնչվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է. նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ:
Բաքվում ակնկալում են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս՝ նշեց վարչապետը: Նկատեց՝ եղած քննարկումներում էլ միանշանակ արձագանք չեն տալիս՝ արդյոք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունեն նաև այն տարածքնե՞րը, որոնք օկուպացրել են 2021 թվականի մայիսի 12-ից հետո, նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում:
Նիկոլ Փաշինյան - Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց, երբ խոսակցություն է գնում, օրինակ, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ, իբր, «ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ»: Եվ այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, ասում են, խոսում են այդ տարածքների մասին: Երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ, հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով, Սյունիքի մարզով, ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երևանով: Ուզում եմ ընդգծել՝ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, սակայն բոլոր փաստերը, այդ թվում՝ բանակցային, դիվանագիտական փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԻ. ՓԱՇԻՆՅԱՆ
Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է դրվի նաև 2020-ի նոյեմբերի 9-ի, 21-ի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը: Դրանցում ամրագրված կետերից մեկն էլ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումն է, ինչը ձևափոխելով՝ Ադրբեջանը փորձում է առաջ տանել Հայաստանի տարածքով միջանցք ունենալու թեման: Փաշինյանը նորից հիշեցրեց՝ միջանցքային տրամաբանություն չկա, սա հաստատել է նաև եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահը, շեշտել՝ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:
Նիկոլ Փաշինյան - Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը: Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ 9-րդ կետը ապաշրջափակման մասին է:
Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել և արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մինչդեռ դրանում շատ կարևոր արձանագրումներ կան:
Նիկոլ Փաշինյան - Այդ հայտարարության մեջ կա երեք գումարած մեկ ինստիտուցիոնալ արձանագրում: Առաջինը ԼՂ սուբյեկտի արձնագրումն է, այն պայմաններում, երբ Ադրբեջանն ասում է՝ ԼՂ գոյություն չունի... Կա Լեռնային Ղարաբաղ, որը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության իմաստը այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որն ապահովում է մարդկանց, բեռների անարգել երթևեկությունը ԼՂ-ի և Հայաստանի միջև:
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԶՈՒ-ՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՊԱՏՃԱՌ
Ադրբեջանական ագրեսիայի մյուս պատճառը, ըստ երկրի ղեկավարի, զինված ուժերում սկսված բարեփոխումներն են: Նա հիշեցրեց՝ որ պատերազմից հետո Բաքուն մի քանի անգամ հայտարարել էր՝ եթե տեսնի, որ հայկական բանակը որոշակի ներուժ է հավաքում, որն, իրենց ձևակերպմամբ, կարող է սպառնալ Ադրբեջանին, նախահարձակ գործողություններ կիրականացնի: Վարչապետը վերահաստատեց՝ բանակն արդիականացվում է ոչ թե տարածքներ նվաճելու, այլ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ու նման սադրանքները նպատակ ունեն խոչընդոտել սկսված գործընթացը: Պատասխանելով պատգամավորներից Սերգեյ Բագրատյանի հարցին՝ նաև նշեց՝ Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք: Բայց ռազմամթերքի գնումը միայն ֆինանսական չէ, ըստ վարչապետի՝ այն ունի ևս երեք բաղադրիչ, այդ թվում՝ քաղաքական:
Նիկոլ Փաշինյան - Ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին: Բայց կան նաև երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել Հայաստանին: Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային:
Սահմանին լարվածություն ստեղծելով՝ Բաքուն նպատակ ունի նաև կոտրել տնտեսական դինամիկան՝ ասաց Փաշինյանը: Պատճառները շատ են: Իսկ արդյոք սա խաղաղության օրակարգի ձախողում չէ՞. վարչապետն ինքն այս հարցը բարձրացրեց, նկատեց՝ խաղաղությունը կախված չէ միայն մեկ սուբյեկտից: Ասաց՝ առանց երաշխիքների խաղաղության պայմանագիրը պարզապես թուղթ է:
Նիկոլ Փաշինյան - Այս գործողություններով Ադրբեջանն ուզում է, փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանը կարող է զարգանալ մեծ տեմպերով և կարող է ապահովել Հայաստանի ու ԼՂ անվտանգությունը: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, և պետք է հնարավորինս արագ ու արդյունավետ բարեփոխենք մեր բանակը՝ ՀՀ անվտանգությունը ապահովելու համար, և իհարկե մեր դաշնակցային հարաբերություններում մեխանիզմների, պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում:
Շատ կարևոր է հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և ինչ պարտավորություններ ունենք մենք ուրիշների նկատմամբ՝ ընդգծեց երկրի ղեկավարը: Հայաստանն արդեն դիմել է ՀԱՊԿ-ին, նաև Ռուսաստանին՝ 1997 թվականի Բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Դիմում է ուղարկվել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: