Ստեղծված իրավիճակում թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս մասին նիստի մեկնարկին խոսեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական ու այլ տարաձայնություններին տեղ տալ: Ուզում եմ դիմել մեր համաքաղաքացիներին՝ որևէ ձևով խուճապի չմատնվել: Շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Խնդրում եմ՝ որևէ ձևով ապատեղեկատվությանը, տարածվող լուրերին տեղիք չտալ, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նաև հայտնեց, որ ժամը 11-ին ԱԺ-ում կլինի ՀՀ վարչապետը:
«Հնարավորություն կունենաք նրան հարցեր ուղղել: Վարչապետը նաև ելույթ կունենա ու կներկայացնի այն իրավիճակը, որը կլինի այդ պահի դրությամբ»,- ասաց նա:
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից նիստին ներկա են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Այստեղ ենք, որպեսզի առաջադրենք առաջարկը, պահանջը, որպեսզի ընթացիկ օրակարգերը մի կողմ մղվեն, և քննարկվի ստեղծված իրադրությունը»,- ասաց Մինասյանը: