Հայաստանի խորհրդարանը հայտարարությամբ միջազգային հանրությանը կոչ է անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - ՄԱԿ-ի ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում: ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության:
Հայտարարության մեջ նշվում է՝ Ադրբեջանի զինուժը տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ:
Վլադիմիր Վարդանյան - Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել Զինված ուժերի շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական և կուռ պաշտպանության կարիք ունի:
Նախագծի քննարկմանը ընդդիմությունից ներկա էին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը: Վարդանյանի խոսքով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են առանձին առաջարկներ: Միասնական հայտարարությամբ հանդես գալու շուրջ բանակցությունները զրոյական արդյունք են տվել: Ըստ Վարդանյանի՝ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն վերաբերում սեպտեմբերի 13-ին սանձազերծված գործողություններին:
Վլադիմիր Վարդանյան - Մեզ համար չափազանց կարևոր էր ունենալ միասնականություն. ցավոք, դա տեղի չունեցավ: Պարոն Մամիջանյանի երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել այնպիսի առաջարկների փաթեթ, որում կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը, քանի որ մյուս մասն անընդունելի էր:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենք հայտարարությանը դեմ չեն, բայց այն համարում են ոչ ամբողջական՝ դրանից ելնելով էլ ներկայացրել են իրենց 4 առաջարկը:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - 1. Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021 թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։
2. Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։
3. Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։
4. Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրս բերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԽԱԳԾԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ Ազգային ժողովի նախագահ) - Ինչի՞ն եք բա դուք մասնակցում, ի՞նչ պետք է լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնե՞նք: Ի՞նչ պետք է լինի, որ դուք գաք դահլիճ: Ո՞րն է ձեր օրակարգը, անվտանգությունից դուրս: Ուզում եմ հասկանալ:
Ադրբեջանի մասով հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, չորրորդ կետով էլ նշում եք Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գալու մասին: Լո՞ւրջ, բա ի՞նչ անենք, դուրս գա՞նք: Էլի երկու հոգով գնալու եք սահման պահե՞ք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ, խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, զոհերի, վիրավորների մասին, իսկ ընդդիմությունը ասում է. «Մենք մեր օրակարգը ունենք»: Մի եկեք, էլի, խնդրում եմ:
Սիմոնյանը ափսոսանք հայտնեց, որ նույնիսկ այս իրավիճակում ընդդիմությունը, նրա խոսքով, չկարողացավ սպասարկել Հայաստանի շահերը: