44-օրյա պատերազմի ժամանակ մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատարանում ցուցմունք տվեցին Հադրութի Խուռհատ սարի վրա մարտական գործողություններին մասնակցած զինծառայողները: Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին հենց այդ հատվածում մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստանալու պատրվակով ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, որոշների գտնվելու վայրը անհայտ է: Վկա Հարություն Ավագյանը նորակոչիկ է եղել, չի տիրապետել զենքի հետ վարվելու կանոններին: Երբ սեպտեմբերի 27-ին արկն ընկել է զորամասի վրա, բարձրացել են դիրքեր և մինչև հոկտեմբերի 5-ը եղել Ջաբրայիլում: Որոշ ժամանակ հետո Իշխան Վահանյանը հրաման է տվել գնալ գերեզմաններ կոչվող տարածք:
Հարություն Ավագյան (վկա) - Վահանյան Իշխանը մեզ ասել ա՝ ձեզ տանում եմ ապահով տեղ, ասել ա, որ պիտի ուղղակի դիրքավորվեք, առաջը լիքը մարդ կա, ոչ մեկ չի լինելու, գնացել ենք, ու մի քանի ժամ հետո գիշերը հարձակում եղավ:
Հակառակորդի հարձակման հետևանքով, ըստ վկայի ցուցմունքի, զոհեր և վիրավորներ են եղել, նահանջել են: Որոշ ժամանակ հետո բարձրացրել են Խուռհատ սար: Հակառակորդի հարձակումից հետո, վկայի խոսքով, խառնաշփոթ է սկսվել: Նահանջի ժամանակ գումարտակը մի քանի մասի է բաժանվել, ըստ վկայի՝ մի քանի սպաների ու զինվորների հետ փորձել են բարձրանալ Ստեփանակերտ տանող սարը, բայց կրկին հարձակում է եղել:
Հարություն Ավագյան - էլի զոհեր ենք տվել, ով հասցրել, նահանջ ա տվել, մենք կոնկրետ երեք հոգով չենք հասցրել, մի 20 րոպեի չափով մնացել ենք, մինչև մութ ա եղել, էդ սարը արմունկի վրա պառկած իջել ենք, մի հատ տան մեջ ենք մնացել:
Ավագյանի խոսքով՝ հաջորդ օրը մի քանի կմ քայլելուց հետո հանդիպել են հատուկ նշանակության ջոկատի ու կարողացել փրկվել: Վկան ասաց, որ գումարտակի հրամանատարին միայն մարտի սկզբում է նկատել:
Քանի որ, ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Վահանյանը բեկորային վիրավորում է ստացել, դատախազը հետաքրքրվեց, թե մարտի ժամանակ հակառակորդը ինչ զինատեսակներ է կիրառել: Վկան պատասխանեց՝ կիրառել են ինքնաձիգ, պնդեց՝ արկի պայթյուն չի եղել: Ըստ վկայի՝ լսել է Վահանյանի վիրավորում ստանալու մասին, սակայն անձամբ չի տեսել: Նշենք, որ ըստ տուժող կողմի՝ Վահանյանը ոչ թե այդ մարտական գործողության ժամանակ է վիրավորվել, այլ ավելի շուտ: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչին էլ հետաքրքրում էր զինգրքույկները հավաքելու տեղեկությունը: Հանրային մեղադրողը այս հարցից հետո միջնորդեց նիստն առանց լրատվամիջոցների շարունակել:
Տուժողների իրավահաջորդները, սակայն, առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ ցանկացած տեղեկություն պետք է հրապարակայնացվի: Լսելով կողմերին` դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը՝ նշելով, որ այս գործը մեծ հնչեղություն ունի, պարզապես առաջարկեց զերծ մնալ պետական գաղտնի պարունակող հարցերից:
Դատավոր Ջոն Հայրապետյանին հետաքրքրում էր՝ ինչու ձախողվեց 400 հոգանոց խմբի օպերացիան:
Հարություն Ավագյան - Ես չգիտեմ` ինչի ձախողվեց հարձակում եղավ, նորմալ դիրքավորում, հրաման չկար, բոլորը խուճապահար եղան:
Վկան, ինչպես նախաքննության ընթացքում էր պնդել, այնպես էլ դատարանում հաստատեց՝ Իշխան Վահանյանի փախուստը նպաստել է տագնապի և խուճապի զգացողությանը, քանի որ չեն հասկացել` ինչ պետք է անեն, զորքը առանց ղեկավարման է մնացել:
Մյուս վկան Արամայիս Սարիբեկյանն էր, պատերազմի ժամանակ երկու ամսվա ծառայող է եղել: Պատմեց, որ մինչև պատերազմը սեպտեմբերի 25-ին զորամասում տագնապ է եղել, հետո ասել են կեղծ է, սակայն երկու օր հետո անօդաչու թռչող սարքը խոցել է զենք-զինամթերքի պահեստը:
Արամայիս Սարիբեկյան (վկա) - Տագնապով բարձացանք պոստեր, տարան չռիկների անտառ, 7-8 օր մնացինք, դրանից հետո որ հասկացանք` շրջափակման մեջ պիտի ընկնենք, հետնահանջ ենք արել դեպի Հադրութ: Մինչև 9-րդ կիլոմետր հասանք, հանդիպեցինք մեր զորամասի գծով տեղակալին, ասաց, որ հետ գնանք մեր դիրքերը, ասեցինք` աէրոպորտ ենք տրաքացրել թուրքի, թե ինչ են արել, ասեցին` հանգիստ կարաք հետ գնաք դիրքեր, սնարյադի տակ չեք ընկնի:
Ըստ վկայի՝ հրաժարվել են կատարել հրամանը, քանի որ հրաման տվողին չեն ճանաչել: Հետո Իշխան Վահանյանի հրամանին են ենթարկվել:
Արամայիս Սարիբեկյան - Իր հրամանով 1-ին, 2-րդ դասակը բարձրանում ա 9-րդ կիլոմետր, էնտեղ իբր թուրք չպիտի լիներ, բայց էնպես է դասավորվում, որ 9 կլիոմետր 40-ից ավել զորք հարձակվում է դասակի վրա:
Հարձակման հետևանքով, ըստ վկայի, կորուստներ են ունեցել, հաջորդ օրը բարձրացել Խուռհատ սար, սակայն հրամանատարը չի ասել` ինչ մարտական առաջադրանք պետք է կատարեն:
Արամայիս Սարիբեկյան - 11:30-ի կողմերը բոյը սկսվեց, մենք սարի վրա էինք, ասեցին` կրակեք ներքև, բայց կոնկրետ չենք տեսել` ով կա, էլի, ներքևը, կրակում էինք, պատասխան էինք ստանում: Դրանից հետո արդեն, որ մեզ սկսեցին աջ կողմից էլ ճնշել, սարից սկսեցինք իջնել, վիրավորների իջեցնել:
Դրանից հետո, վկայի խոսքով՝ զորքը նահանջել է անտառ, քանի որ ոչ կապի միջոց է եղել, ոչ հրամանատար: Արամայիս Սարիբեկյանը նույնպես Վահանյանին մարտի սկզբում է տեսել: Վկան նշեց՝ այդպես էլ չեն իմացել ինչու են բարձրացել Խուռհատ սար, քանի որ ըստ նրա այնտեղ որևէ մարտական խնդիր չկար կատարելու: Վկաների հարցաքննությունը կշարունակվի մեկ ամսից:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան