Ռուսաստանը խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք, իհարկե, ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման կապակցությամբ»,- ասել է Ուշակովը, հիշեցրել է, որ գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և, ընդհանրապես, պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հայտարարությունները»,- հավելել է պաշտոնյան: