Անդրադառնալով ստեղծված իրավիճակի որոշ նրբությունների՝ ՀՀ վարչապետն ԱԺ-ում իր ելույթում նշել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը որոշակի պոտենցիալ են հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, նախահարձակ գործողություններ է իրականացնելու:
«Չնայած մենք հայտարարել ենք, որ զինված ուժերի բարեփոխումներ իրականացնում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք կենտրոնանում ենք բանակի և զինված ուժերի բարեփոխումների վրա, նման սադրանքներն իրականացվում են նաև գործընթացը հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Որպես կարևոր առանձնահատկություն՝ նա ընդգծել է այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ-ն այդ պատերազմի հետևանքով չի կոտրվել:
Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ ի հեճուկս գլոբալ դժվարություններին՝ Հայաստանն ունի հստակ տնտեսական հաջողություններ, և սրանով Ադրբեջանը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք սա՞ է խաղաղության օրակարգի արդյունքը, և այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ՞:
«Մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ: Այս գործողություններով Ադրբեջանն ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը: Խաղաղությունն այն օրակարգն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ, խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ և ԼՂ անվտանգությունը»,- շեշտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները:
Վարչապետը կարևորել է նաև դաշնակցային և անվտանգային հարաբերություններում մեխանիզմների և պարտավորությունների կատարելագործումը: