Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին՝ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ 9-րդ կետը ապաշրջափակման մասին է:
«Թեման պարզաբանված է 2021 թվականի նոյեմբերի 11-ի եռակողմ հայտարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը: