Այսօր անհրաժեշտ է ունենալ ոչ էմոցիոնալ և սառը խոսակցություն: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է պարզաբանել տեղի ունեցողի համատեքստը. ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում: Արձանագրենք, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների, և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական ԶՈՒ գործողություններին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Վերջին օրերին, կարծում եմ, հետևել եք, որ ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկատվական պատրեազմի ժանրով տեղեկություններ էր տարածում, իբր, Հայաստանի ԶՈՒ կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, ՀՀ պաշտպանության նախարարությունը բնականաբար հերքում էր այդ ամենը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ:
Ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է տեղի ունենում:
Առաջինը, իհարկե, կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ: Բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 առաջարկություններ և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքը դրան հետևյալն էր, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք, որ այդ կետերը պետք է լրացվեն, և այդ լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել և խաղաղության պայմանագիր ստորագրել:
Այս ընթացքում թվում էր, թե թեմայի շուրջ կա ըմբռնում, բայց հընթացս և, մասնավորապես, վերջին Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքների մեջ կար մի քանի կետ: Դրանցից մեկը վերաբերում էր ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին:
«Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է՝ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ:
Պատմությունը սրանով չի ավարտվում: Մենք նախկինում էլ ասել ենք ու ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար ընդունելի է: Այստեղ ամեն ինչ չի ավարտվում, որովհետև լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում:
Իսկ, օրինակ, ի՞նչ նկատի ունենք տարածքային ամբողջականություն ասելով: Օրինակ՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի՞ է ունենում նաև այն տարածքները, որոնք կա՛մ 2021 թվականի մայիսի 12-ի իրադարձությունների արդյունքում, կա՛մ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից: Այս հարցը, մեր տպավորություններով ու քննարկումներով, միանշանակ արձագանք Ադրբեջանի կողմից չի ստանում: Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իմ՝ քիչ առաջ արած ընդգծումից»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագում. արդյոք այս երկու խնդիրների լուծումից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չի՞ ունենալու:
«Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ և բնորոշմամբ, իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ: Այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են, խոսում են այդ տարածքների մասին, չնայած, մեծ հաշվով, պիտի արձանագրենք, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում Հայաստանի մայրաքաղաք Երևանով»,- նշեց ՀՀ վարչապետը: