Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք:
«Ես չեմ ասում, թե մեր ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ են, բայց պաշտպանունակությունը բարձրացնելու համար, որ մենք մեզ բավարարված զգանք, ունենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ Փաշինյանը նշեց, որ ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել ՀՀ-ին:
«Բայց կան նաև երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել Հայաստանին: Կան երկրներ, որոնք պատրաստ չեն, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, այդ երկրից զենք գնի: Այս պատրաստ լինելը և չլինելն իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև տեխնիկական խնդրին:
«Կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, և չկա որևէ խնդիր, բայց չունեն անհրաժեշտ զենքը վաճառելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում տրանսպորտային բաղադրիչն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: