Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ այցելել են Լիտվայի մրցակցության խորհուրդ: Այցելության նպատակն էր ծանոթանալ մրցակցության օրենսդրության կիրարկման Լիտվայի փորձին, մասնավորապես, հակամրցակցային համաձայնությունների քննության և ապացույցների ձեռքբերման, գնումների գաղտնի համաձայնությունների բացահայտման, այլ պետական մարմինների հետ համագործակցության, շուկաների ուսումնասիրությունների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով:
Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիտվայի հատուկ հետաքննությունների ծառայության պատասխանատուների հետ, ծանոթացել կարտելային համաձայնությունների դեպքերի բացահայտման գործում Մրցակցության խորհրդի հետ համագործակցության կարգին, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման հետ կապված հիմնահարցերին, ինչպես նաև ներկայացրել դրանց կապակցությամբ ՀՀ-ում իրականացված վերջին օրենսդրական փոփոխությունները:
ՄՊՀ պատվիրակությանը հյուրընկալել է նաև Սպառողների իրավունքների պաշտպանության պետական մարմնի ղեկավար Գոդա Ալեքսաիթեն: Քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գովազդին, զեղչերին և անհատականացման միջոցների հետ կապված շփոթության դեպքերին առնչվող հարցեր: