ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԻԼԻՊ ՌԻՔԵՐԻ ՀԵՏ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Միացյալ Նահանգների Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի հետ: Զրույցում անդրադարձ է եղել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ 2021 թ. հունիսին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը: Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են նաև Ուկրաինայում ընթացող զարգացումներին և տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված անվտանգության բարդ իրավիճակին։
ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԻԵՎԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅՈՎ
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահն անդրադարձել է Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, թե պաշտոնական Կիևն այս պահին պատրաստ չէ բանակցելու Ռուսաստանի հետ. «Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- շեշտել էր Զելենսկին: Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի ներկայիս պահանջները պարզապես մանկական նախավարժանք է Մոսկվայի ապագա պահանջների համեմատ՝ հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
«Զելենսկին ասում է, որ երկխոսության չի գնա վերջնագրեր առաջ քաշողների հետ։ Ներկայիս «վերջնագրերը» մանկական խաղեր են ապագա պահանջների համեմատ։ Եվ նա գիտի դրանք՝ Կիևի ռեժիմի տոտալ կապիտուլյացիա Ռուսաստանի պայմաններով»,- գրել է Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում:
ՊՈՒՏԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ
Կրեմլն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցությունների համար ներկայումս նախադրյալներ չկան։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է ռուսական զորքերի Զապորոժիեի ապառազմականացման թեմային՝ նշելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում զորքերը դուրս բերել ատոմակայանից: Պեսկովը նշել է, որ այս պահին պետք է կենտրոնանալ գլխավոր հարցի վրա՝ ստիպել ուկրաինական կողմին դադարեցնել կայանի տարածքի գնդակոծումը:
ՉԱՌԼԶ ԵՐՐՈՐԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԵՍԹՄԻՆՍԹԵՐՅԱՆ ՊԱԼԱՏ
Մեծ Բրիտանիայի նոր միապետը՝ Չառլզ Երրորդը, թագուհի կոնսորտ Կամիլայի հետ այցելել է Վեսթմինսթերյան պալատ՝ հանդիպելու երկրի խորհրդարանի վերին և ստորին պալատների ներկայացուցյիչների հետ: Չառլզն Երրորդն իր ելույթում խոստացել է պահպանել սահմանադրական կառավարման սկզբունքը և հավատարիմ մնալ իր մոր՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի օրինակին: Խորհրդարանում ներկա են եղել հարյուրավոր քաղաքական գործիչներ, նորընտիր վարչապետ Լիզ Թրասը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը: Արարողությունից հետո Չառլզ Երրորդը մեկնել է Էդինբուրգ, որտեղ երեկ տեղափոխվել է թագուհու մարմինը: Էդինբուրգի պալատից սգո երթ կանցկացվի դեպի Սուրբ Էգիդիայի տաճար. թագավոր Չարլզ Երրորդը, կոնսորտ թագուհու՝ Քամիլայի հետ 1,2 կիլոմետր ոտքով կուղեկցի սգո մեքենան: Տաճարի մուտքի մոտ նրան կդիմավորի թագավորական գվարդիայի պատվո պահակախումբը:
ԳԴՀ-Ն, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ, ՖՐԱՆՍԻԱՆ ԴԺԳՈՀ ԵՆ ԻՐԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ
Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարություն են ընդունել՝ արձանագրելով, որ միջուկային բանակցությունների շուրջ Իրանի վերջին դիրքորոշումները լուրջ կասկածներ են հարուցել միջուկային համաձայնագրին վերադառնալու Թեհրանի մտադրության վերաբերյալ։
Եվրաեռյակի հայտարարության մեջ նշվել է, որ «ՀԳՀԾ-ի գործարքին վերադառնալու վերաբերյալ եվրոպական կողմն առավելագույն ճկունություն է ցուցաբերել, սակայն, ցավոք, Իրանը նախընտրել է չօգտագործել դիվանագիտական այս կարևոր հնարավորությունը և շարունակել զարգացնել իր միջուկային ծրագիրը»։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով հայտարարությանը՝ շեշտել է, որ Վիեննայի բանակցություններում Թեհրանը կառուցողական մոտեցում է ցուցաբերել և գործադրել է բոլոր ջանքերը համաձայնագրի իրականացման համար ճանապարհ հարթելու համար: «Վիեննայի բանակցությունների գործընթացի եվրոպացի գործընկերներին մեր հորդորն է՝ գնալ կառուցողական ճանապարհով և ճանապարհ հարթել համաձայնագրի իրագործման համար։ Իրանը հայտարարել և հայտարարում է իր պատրաստակամությունը շարունակելու կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- նշել է նա: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցրի խոսքով՝ Իրանը սպասում է ԱՄՆ-ի վերջնական պատասխանին և հորդորում է ամերիկյան պաշտոնյաներին կառուցողական մոտեցում ցուցաբերել՝ համաձայնության հասնելու համար։