ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԻԵՎԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅՈՎ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահն անդրադարձել է Ուկրաինայի նախագաhի հայտարարությանը, թե պաշտոնական Կիևն այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ.
«Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- շեշտել էր Զելենսկին:
Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի ներկայիս պահանջները պարզապես մանկական նախավարժանք են Մոսկվայի ապագա պահանջների համեմատ, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
«Զելենսկին ասում է, որ երկխոսության չի գնա վերջնագրեր առաջ քաշողների հետ։ Ներկայիս «վերջնագրերը» մանկական խաղեր են ապագա պահանջների համեմատ։ Եվ նա գիտի դրանք՝ Կիևի ռեժիմի տոտալ կապիտուլյացիա` Ռուսաստանի պայմաններով», - գրել է Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում:
ԱՄՆ-Ը ՁԳՏՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ռուսական հատուկ ռազմական գործողության նպատակներն ամբողջությամբ կիրականացվեն՝ չնայած ուկրաինական ռեժիմին Արևմուտքի մեծածավալ օգնությանը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների աննախադեպ ճնշմանը, հայտարարել է է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նիկոլայ Պատրուշևի համոզմամբ՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ձգտում է երկարացնել հակամարտությունը Ուկրաինայում՝ ավելացնելով զենքի եվ ռազմական տեխնիկայի մատակարարումը:
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԱԷՄԳ-Ի ՀԵՏ. ԳՐՈՍՍԻ
Ռուսաստանն ու Ուկրաինան շահագրգռված են ռուսական ուժերի կողմից վերահսկվող Զապորոժիեյի ԱԷԿ-ի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու ՄԱԿ-ի առաջարկով, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ և հավելել, որ հրթիռակոծումը սպառնում է ռեակտորներին ու սպառված վառելիքի պահեստային տարածքին:
Գրոսսին նաև նշել է, որ Կիևը և Մոսկվան համագործակցում են ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Գործակալության տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ միակ գործող ռեակտորը կարող է ամբողջությամբ փակվել՝ հրետակոծության հետևանքով առաջացած արտաքին էլեկտրամատակարարման խափանման պատճառով:
ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՓՈԽՎԵՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Եվրամիության խորհրդի որոշմամբ այսօրվանից Ռուսաստանի հետ վիզային դյուրացված ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման որոշումը ուժի մեջ է մտել: Շենգենյան անցագրերի ձևակերպման պայմանները և ժամկետները ռուսաստանցիների համար կփոխվեն: Փաստաթղթերի քննումը և այցագրեր տալն այժմ կտևեն ոչ պակաս, քան 15 օր, առանձին դեպքերում՝ մինչև 45 օր: Վիզաների համար վճարը 35 եվրոյից բարձրացել Է մինչև 80 եվրո, 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 35-ից մինչև 40 եվրո: Կավելանա վիզաների կենտրոն կամ հյուպատոսություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ С-300 ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԿԻԵՎ
Հունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 ՀՕՊ համակարգեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դրանք անհրաժեշտ են հենց Հունաստանի պաշտպանության համար, հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը չի կարող լինել մեր երկրի պաշտպանության հաշվին: Մենք պայմանավորվել ենք ուղարկել հունական հետևակի մի շարք հին մարտական մեքենաներ՝ պայմանով, որ դրանք անմիջապես փոխարինվեն գերմանական ավելի ժամանակակից զրահատեխնիկայով։ Այս որոշման շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է վարչապետը։