ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԻԶՅՈՒՄ ՔԱՂԱՔԸ
Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ որ ուկրաինական զորքերը հետ են վերցրել երկրի արևելքում գտնվող ռազմավարական նշանակության Իզյում քաղաքը՝ լայնածավալ հակահարձակման շրջանակներում։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինական ուժերին՝ հարյուրավոր բնակավայրեր ազատագրելու համար:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական զորքը հետ է քաշվել Խարկովի շրջանի մի շարք բնակավայրերից, այդ թվում՝ Իզյում քաղաքից։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնբասի ազատագրման գործողության համար որոշում է կայացրել վերախմբավորել ռուսական զորքերը։
ՌԴ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն Կիևի կողմից դրանց հետագա ձգձգումը կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը` հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացվել է Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Խոսելով բանակցույթունների մասին՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցելու Ռուսաստանի հետ՝ «Ես նրանց կողմից կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում,- շեշտել է Վոլոդիմիր Զելենակին։ - Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։ Նախագահը դրական պատասխան է տվել նաև այն հարցին, թե «պայքարելո՞ւ է մինչև վերջ»։ Նա հավելել է, որ երկու երկրի միջև խաղաղության համաձայնագիր կարող է կնքվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական բոլոր տարածքները։
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻ ՀԵՏ
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։
Վլադիմիր Պուտինը հայտնել է ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտների վրա ուկրաինական պարբերական հարձակումների մասին և շեշտել Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը՝ հրետակոծությունը դադարեցնելու համար:
ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինան, օգտագործելով արևմտյան երկրների կողմից մատակարարվող սպառազինությունը, շարունակում է գնդակոծել Դոնբասի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով տուժում են խաղաղ բնակիչներ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հացահատիկի մատակարարումների թեմային: Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ հացահատիկի պաշարները պետք է ուղղվեն դրա կարիքն ունեցող երկրներին:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՌԴ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ռուսաստանի քննադատությանը, թե ուկրաինական հացահատիկը հիմնականում արտահանվում է ԵՄ, և ոչ թե աղքատ երկրներ։ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ անկախ նրանից, թե կոնկրետ ուր է մատակարարվում սննդամթերքը, այն մեծացնում է գլոբալ առաջարկի ծավալները, հնարավորություն է տալիս մյուսներին ձեռք բերել այլ ցորեն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ուկրաինական հացահատիկի արտահանումը Եվրամիություն սահմանափակելու հնարավորության մասին, քանի որ այն չի հասնում ամենաաղքատ երկրներ։ Այդ պնդումը հաստատել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Թուրքիայի նախագահը Սամարղանդում նախատեսված հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին կառաջարկի հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ: Պուտին-էրդողան առանձին հանդիպման գլխավոր թեման լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ նախաձեռնությունների միջոցով պատերազմը դադարեցնելու և կայուն հրադադարի հասնելու համար: Երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է նաև Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունը: Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ կողմերը կանդրադառնան նաև «հացահատիկային միջանցքի» աշխատանքին:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիան կշարունակի Ուկրաինային մարդասիրական աջակցություն տրամադրել՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։ Զրույցի մասնակիցները մտքեր են փոխանակել հումանիտար օգնության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոնի աշխատանքից։
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ բաց է Թուրքիայի հետ տարբեր տեսակի շփումների և պատրաստ է հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ: Նրա համոզմամբ՝ այդ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: Միցոտակիսը նշել է, որ այդ հանդիպման համար լավագույն վայրը կարող է հանդիսանալ Պրահան: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանի առափնյա պահպանությունը նախազգուշական կրակոցներ էր արձակել թուրքական բեռնանավի ուղղությամբ: