Համայնքային գրադարանները պետք է դառնան տեղեկատվական և մշակութային կենտրոններ, ստեղծարար մտահղացումների վայր: Նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար քաղաքային իշխանությունն այսօր քայլեր է ձեռնարկում տարբեր ուղղություններով: Գրադարանների արդյունավետ կառավարման ու ընթերցողների սպասարկումն առավել արագ կազմակերպելու նպատակով առաջնային ու կարևոր քայլերից է միասնական էլեկտրոնային համակարգի ներդնումը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին է ներկայացվել «ԷԼԳՐԱԴ» համակարգը: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ դեռևս 2017 թ.Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակած համակարգի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել թվայնացնել գրադարանային գործառույթները, ապահովել ընթերցողների թվի, հաճախումների, ընթերցած գրականության քանակական ցուցանիշների մասին տեղեկատվության հավաքագրումն ու ամփոփումը: Այցի շրջանակում քաղաքապետ Սարգսյանն ինստիտուտի փորձագետների հետ քննարկել է էլեկտրոնային համակարգը համայնքային բոլոր գրադարաններում գործարկելու հարցը:
Երևանի «Թիվ 5 գրադարան» ՀՈԱԿ-ում էլ Երևանի քաղաքապետը ծանոթացել ընթերցողների համար ստեղծված պայմաններին ու առկա խնդիրներին: Խոսելով նախաձեռնված ծրագրերից՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարվա բյուջեով հատուկ առանձին միջոցներ է նախատեսվել նոր գրականության ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակում ավելի քան 7000 գիրք է նվիրաբերվել 19 համայնքապատկան գրադարաններին:
Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև մաշված և արդիականությունը կորցրած գրականության դուրսգրման, գրադարանների հաճախելիության և գրավչության բարձրացման հետ կապված այլ հարցեր: