Խարկովի մարզի Իզյում քաղաքը գրավելուց հետո Կիևը նախատեսում է փնտրել Ռուսաստանի հետ համագործակցած քաղաքացիներին։ Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իզյումի ղեկավար Վալերի Մարչենկոն:
Նրա խոսքով՝ «Այդ, այսպես կոչենք՝ «զտումը» (фильтрация) կտևի մոտ 10 օր, որից հետո քաղաքից հեռացած բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները»,- ասել է պաշտոնյան։
Ըստ Страна ինտերնետ հրատարակության տվյալների՝ բնակչության գրեթե երկու երրորդը լքել է քաղաքը։ Թաղամասերի մեծ մասում չկան լույս, գազ, ջուր, չի աշխատում կապը, կան ջեռուցման հետ կապված խնդիրներ։
Շաբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Խարկովի մարզի Բալակլեայի և Իզյումի շրջաններում զորքերի վերախմբավորման և ԴԺՀ տեղափոխության մասին։