Ազգային ժողովը քննարկում է 2022 թ. մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք գումարած լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:
Ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար:
«Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական մասերից՝ պետական կառավարման համակարգի արդիականացում, թվային ծառայությունների մատուցում, տվյալների կառավարում և թվային ենթակառուցվածքներ: Ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ Կառավարության 2021 և 2026 թվականների ծրագրին»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: