ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Շնորհավորական ուղերձում ասված է.
«Վեհափառ Տեր,
Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական և միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։
Առանձնահատուկ արժևորում եմ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված հոգևոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի և մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաև Հայ Եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր և կարևոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսևորումները խթանելու, հարստացնելու և պաշտպանելու գործում։
Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն և արևշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»։