Սեպտեմբերի 11-18-ը Ղազախստանից և Ուզբեկստանից Երևան են ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կենտրոնական Ասիայի երիտասարդական առաջնորդության ակադեմիայի 10 շրջանավարտներ:
Շրջանավարտներին, որոնց ուղեկցել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը, ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել են երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ներկայացուցիչները:
Օտարերկրյա հյուրերի այցը Հայաստան կրում է ուսումնական բնույթ: Այցի շրջանակում նրանք պետք է ծանոթանան Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացմանը, երիտասարդական քաղաքականության ներկա վիճակին և ապագա ծրագրերին, հանդիպումներ ունենան գործընկերների հետ, Հայաստանի փորձից դասեր քաղեն՝ իրենց երկրներում կիրառելու նպատակով։
Ակադեմիայի շրջանավարտները Ղազախստանի և Ուզբեկստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների երիտասարդներ են, որոնք ակտիվ մասնակցություն ունեն համայնքային ծրագրերում, ինչպես նաև հեղինակ են մի շարք երիտասարդական նախաձեռնությունների։
ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զառա Ասլանյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներն ու պետական ծրագրերը։
Զառա Ասլանյանը հանդիպման մասնակիցներին պատմել է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանման, նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացման աջակցության, նորարարության, մշակույթի և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման, ինչպես նաև առողջ ապրելակերպի մշակույթի տարածման մասին:
Հանդիպման վերջում հյուրերը նախարարության ներկայացուցիչներին հղել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ: