Ազգային ժողովը քննարկում է պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Առևտրի եև ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նախագծի՝ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար:
Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով, և այն դիտավորությամբ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայտնաբերվելու օրվանից այն դարձյալ փակցվելու է ևս մեկ ամիս ժամկետով:
«Յուրաքանչյուր լցակայան ունենալու է QR կոդ, քաղաքացիները կկարողանան այդ կոդի միջոցով մտնել ծրագիր ու տեսնել, թե տվյալ լցակայանն ինչ ստուգումներ է անցել, ինչ խախտումներ են հայտնաբերվել»,- ասաց Ծովինար Վարդանյանը:
Գործող կարգավորումով՝ թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Առաջարկվել է համաչափության սկզբունք ներդնել. տուգանք սահմանել ֆիքսված 200 հազար դրամ և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափով:
«Քննարկումներից և ուսումնասիրություններից հետո առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հնարավոր է փոխել տուգանքի չափը»,- ասաց պատգամավորը: