Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցելու Ռուսաստանի հետ։
«Այսօր՝ ոչ։ Ես չեմ տեսնում, թե նրանք կառուցողական լինելու ցանկություն ունեն: Իմ սկզբունքը սա է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- ասել է Զելենսկին կիրակի CNN-ի հետ հարցազրույցում:
Նախագահը նաև հաստատել է, որ «պայքարելու է մինչև վերջ»։ Նա հավելել է, որ երկու երկրի միջև համաձայնագիր կարող է կնքվել, երբ Ռուսաստանը լքի ուկրաինական տարածքները՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն Կիևի կողմից հետագա ձգձգումը կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը, գրել է ТАСС-ը։ Անդրադառնալով Կիևի հայտարարություններին, թե բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն Ուկրաինայի հաղթանակից հետո, երբ «Ռուսաստանը կլքի ուկրաինական հողերը», ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ եթե դա է Ուկրաինայի ընտրությունը, ապա Ռուսաստանը գիտի՝ ինչպես հասնել իր նպատակներին, որոնք դրված են հատուկ ռազմական գործողության շրջանակում։