Ազգային ժողովը քննարկում է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:
Նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:
«Հատկապես շեշտադրումը կդնենք անանունության հանգամանքի վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանված զգալ: Շատ հաճախ նաև հարցումները ցույց են տալիս, որ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են հնարավոր վենդետայից կամ ինչ-որ հետևանքներից»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Նախագծի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը:
Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը:
Թումանյանցի խոսքով՝ նպատակ կա ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը: