Կարինե Ղուկասյան (Կարմի Շուկա համայնքի բնակիչ) - Հրաձգության ձայներից արթնացա, ու այդ ժամանակ էլի մի շրխկոց լսվեց, կարծեցի, թե պատուհանն է ջարդվել: Բայց հրաձգությունից հետո որ դուրս եկանք հյուրասենյակ, տեսանք, որ դուռն էր, որտեղից պարկուճը մտել էր, կպել պատին, հետո ընկել գետնին:
Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը: Ժամը 4-4-ն անց կեսի սահմաններում համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։
Նախնական տեղեկությամբ՝ Կարմիր Շուկայում տուժել է երկու բնակելի տուն: Երկրորդի դեպքում գնդակը խոցել է տան բակում գտնվող շվաքարանը: Կառլեն Իսրայելյանն ասում է՝ հակառակորդն օգտագործել է տարբեր տեսակի գնդացիրներ:
Կառլեն Իսրայելյան (Կարմիր Շուկա համայնքի բնակիչ) - Ամեն տեսակի հրաձգային զենքով երևի կրակել են: Սա միայն ավտոմատի բան չէ, գնդացիրներ են եղել, տարբեր զենքերով են կրակել:
Ադրբեջանական կրակահերթի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են: Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն են: Դրա նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը:
ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է. ՀՀ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանում համակարգային հայատյացությունը հասնում է վտանգավոր չափերի:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։
Հրադադարի խախտումներից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին գնդակոծության են ենթարկել Արցախի հյուսիսարևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ դա իրականությանը չի համապատասխանում։