Խմելու ջուրը իրենցից շուտ է Առափի գյուղի այս տանը եղել․ կիսակառույցը 2020-ին են գնել։ Մինչև շինարարության ավարտն ու տեղափոխվելը միայն բանջարանոցն էին մշակում։
Վիկտոր Խաչատրյան (Առափիի բնակիչ) - Երբ տեղափոխվեցինք, երկրորդ շաբաթն եկավ, ասեց՝ դարձեք բաժանորդ:
Խողովակը քանի որ շուտ էր կառուցված, բաժանորդ դարձնելիս «Վեոլիան» 88 հազար դրամով տուգանել է բնակչին՝ բացատրում է ջրի տեսուչը։
Ալվարդ Բալոյան («Վեոլիա ջուր» ընկերության «Շիրակ» տեղամասի մասնագետ-տեսուչ) - Իրենք կիսակառույց շենքեր են ունեցել, հիմի բնակվին գը, մենք էլ գնացել, էդ խախտման արձանագրությունները կազմել ենք:
Պարզվում է՝ տիկին Վիկտորի բախտը դեռ բերել է․ «Վեոլիայի» բաժանորդ դառնալու համար գործող այժմյան կարգը տուգանքից շատ ծախս է պահանջում, նաև՝ դիմում գրել, տեխնիկական պայման ստանալ, դրա հիման վրա նախագիծ-նախահաշիվ պատվիրել։ Սեփական ուժերով նույնիսկ 2 մետր չփորել, ջրագիծն անցկացնելու աշխատանքը պատվիրել կա՛մ «Վեոլիային», կա՛մ լիցենզավորված շինարարական այլ կազմակերպության։ Քաղաքաշինական նորմը խստացնելու պատճառով մարզերում՝ Շիրակ, Լոռի, կամ «Հայջրմուղի» ժամանակներից ջրագիծ ունեցող, ջուր օգտագործողները նույնիսկ չէին կարողանում «Վեոլիայի» բաժանորդ ձևակերպվել։ Մարդկանց դիմում-բողոքների հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է պարզեցնել, թույլ տալ հին ձևով բաժանորդ դառնալ այն բնակիչներին, ում ջրագիծը կառուցված է եղել մինչև խստացումը։
Կամո Սարգսյան (ՀԾԿՀ անդամ) - Մինչև 17 թվականը որոշման հիմնական կետը դա է՝ մինչև 17 թվականը եղած բաժանորդները վերականգնվեն որպես բաժանորդ, նրանց միացումները համարեն օրինական միացումներ՝ ջրաչափի տեղադրման և նոր քարտի բացման արդյունքում: Նոր համակարգի կառուցման գործընթացն էստեղ բացառեցինք, քանի որ մարդը եղել է, ունի, վերականգնվի իրա բաժանորդային իրավունքը:
Հանձնաժողովը գյուղապետների տված տեղեկանքի հիման վրա, յուրաքանչյուր մարզի համար «Վեոլիայի» բաժանորդ դառնալ ցանկացողների ցուցակներ է կազմել։ Գործընթացը դեռ շարունակվում է։ Մարդկանցից ո՞վ է մտածված, ո՞վ՝ հանգամանքների բերումով ձախ միացումներից օգտվել՝ Կամո Սարգսյանը դժվարանում է ասել։
«Վեոլիան» միայն ուրախ է բաժանորդների թվի ավելանալու հեռանկարից՝ անկեղծանում է ջրամատակարար ընկերության առևտրային տնօրենը։ Խստացված նորմն իրենց էլ ձեռնտու չէ:
Արմեն Դուրգարյան («Վեոլիա ջուր» ընկերության առևտրային տնօրեն) - Տուգանելուց զատ մենք չէինք կարողանում այդ մարդկանց ջրածախսը հաշվառել, քանի որ չէին հանդիսանում բաժանորդ, շատերը նույնիսկ ջրաչափ ունեին տեղադրած իրենց միջոցներով, սակայն այդ ծախսերը հնարավոր չէր հաշվառել, որովհետև իրանք չէին հանդիսանում ընկերության բաժանորդ:
Ինչ վերաբերում է տունգանքի չափին՝ Արմեն Դուրգարյանը հաշվում է․ տանտերը, որ ըստ գյուղապետի, ջրագիծն ունեցել է մինչև 2017 թվականը, կնշանակի 5 տարի է՝ օգտվում է ցանցից․ ամսվա միջին 15 խմ ծախսով, 60 ամսվա կտրվածքով ստացվում է՝ առանց վճարելու սպառել է առնվազն 180 հազար դրամի ջուր։ Փոխհատուցման իրենց առավելագույն հաշվարկը 20 մմ-անոց խողովակի դեպքում՝ 186 հազար է: Ով դժվարանում է վճարել, մարման ժամանակացույց են տալիս։ Եթե «Վեոլիան» տվյալ հարցում սխալ լիներ, Դուրգարյանը վստահեցնում է՝ այսքան սպառող դիմում չէր գրի ու ընկերությանը հնարավորություն տար կորուստների կրճատման հաշվին ավելացնել վաճառվող ջրի քանակը։
Արմեն Դուրգարյան - Ներկա պահին ունենք 1427 հաստատված և շուրջ 500 հաստատման սպասող գործեր, և եթե այդ 2000 սպառողը ձևակերպվի բաժանորդ, մենք տարվա կտրվածքով կունենքն 300-320 հազար հաշվառված ջրածախս:
Ամենաշատ դիմումները Կոտայքից են, ամենաքիչը՝ Գեղարքունիքից։ Շիրակում «Վեոլիայի» բաժանորդ կդառնա 497 սպառող, Առափիի բնակիչները՝ ներառյալ։ Գյուղապետը ոգևորված է․ ընկերությունն այս ընթացքում հասցրել է նորացնել համայնքի հին, քայքայված խողովակաշարը։
Ավետիք Պոլեյան (Առափի համայնքի վարչական ղեկավար) - Շուտով կանցնենք նոր ջրագծին, և ամբողջ գյուղը կունենա «Վեոլիայի» ջրամատակարումը:
Հին՝ մինչև 2017 թվականը կառուցած ջրագիծ ունեցողներից ով բաժանորդ չէ, դեռ կարող է դիմել՝ տեղեկացնում են «Վեոլիայից»։ Բայց և զգուշացնում՝ ինքնուրույն նոր խողովակ անցկացնել չի կարելի, տուգանվելով բաժանորդ դառնալ վաղուց արդեն հնարավոր չէ։