Սերբիայի քաղաքացիները դեմ են Եվրամիությանն անդամակցությանը: Այս դիրքորոշման պատճառներից մեկն էլ Արևմուտքի երկակի ստանդարտներն են Կոսովոյի և Ուկրաինայի հարցում: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն խախտել են Սերբիայինը՝ ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե այսօր Սերբիայում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե լիներ, երկրի քաղաքացիները կասեին ոչ: Սերբիայում այժմ հստակ և միանշանակ մեծամասնություն կա ԵՄ-ին անդամակցելու դեմ»,- ասել է հավելել է նախագահը։
Վուչիչը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ երկիրը եվրոպական ճանապարհին է և չի հրաժարվում այդ ուղուց, պարզապես ժամանակ է պետք, որ սերբերը իրատես լինեն, հասկանան, թե ո՛րն է իրենց իրական շահը, ու կարողանան այն զատել զգացմունքներից:
Սերբիայի արտաքին քաղաքականությունը նախատեսում է անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև զարգացնել կապերը Վաշինգտոնի հետ։ Բելգրադը նաև պատրաստվում է պահպանել ռազմական չեզոքությունը՝ հրաժարվելով անդամակցել ՆԱՏՕ-ին։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն Սերբիայից պահանջում են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։