Բուքինգհեմյան պալատը Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորությանը հրավիրել է միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և նրա կնոջը՝ չհրավիրելով ամերիկյան առաջնորդի պատվիրակությանը՝ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային։
Ինչպես գրում է Politico թերթը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պատճառաբանել է, որ Վեսթմինսթերյան աբբայությունն այնքան մարդաշատ է լինելու, որ հուղարկավորությանը հնարավոր չէ ընդունել յուրաքանչյուր երկրից երկուսից ավելի ներկայացուցչի: Նշվում է, որ յուրաքանչյուր երկրից հուղարկավորության արարողությանը հրավիրված են միայն պետությունների ղեկավարներն իրենց ամուսինների կամ գործընկերների հետ։
Պարբերականը գրում է նաև, որ պետությունների ղեկավարներին խնդրել են Մեծ Բրիտանիա ժամանել կոմերցիոն թռիչքներով, ուղղաթիռների օգտագործումն արգելված է։ Բացի այդ, համաշխարհային առաջնորդներին զգուշացվել է չօգտագործել սեփական պետական մեքենաները՝ հուղարկավորության վայր ժամանելու համար, փոխարենը նրանց բոլորին միասին կտեղափոխեն ավտոբուսով։