8 ամսում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է ավելի քան 1 տրիլիոն 232 մլրդ դրամ հարկեր և տուրքեր: Սա 2021-ի հունվար- օգոստոսի ցուցանիշից շատ է 25.2 %-ով, 2020-ից՝ 38.8, 2019-ի ցուցանիշից՝ 31.4, իսկ 2018 թվականի 8 ամիսների ցուցանիշից՝ 59.5 %-ով: 9 ամսում նախատեսված է հավաքագրել մոտ 1 տրլն 335 մլրդ դրամ, հունվար-օգոստոսին այն 92.3 տոկոսով արդեն կատարվել է:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Առկա աշխարհաքաղաքական՝ հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի և համաշխարհային տնտեսության բավական բարդ իրավիճակի հետ Հայաստանի տնտեսությունը բավական ակտիվորեն գործում է, և բավական բարձր տնտեսական ակտիվություն է նկատվում, ինչը նաև անդրադառնում է հարկային եկամուտների վրա:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի կարծիքով՝ բավականին ակտիվ են հավաքագրումների տեմպերը, ինչը հնարավորություն է տվել կենսաթոշակները ավելի վաղ բարձրացնել, քան նախատեսված էր:
Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հարկերի հավաքագրման լավ ցուցանիշը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, իսկ գիտենք, որ տնտեսական ակտիվությունը իր հետ բերում է հարկերի ավելացում, ՊԵԿ վարչարարության գերազանց կատարման շնորհիվ է նաև ունենք նման իրավիճակ: Սպառման աճը ևս նպաստել է հարկերի ավելացմանը: Կարևոր գործոններից է նաև զբոսաշրջիկների աճը, որը բերել է հարկային եկամուտների գերակատարմանը:
Ցուցանիշների մեջ իր դերն ունի նաև ստվերի կրճատումը՝ նշում են մասնագետները: Թվային գնահատականներ այս պահին չկան, սակայն այն, որ տարեցտարի ավելի լավ պատկեր է լինում՝ այդ մասին է վկայում:
Կարեն Սարգսյան - Բավական դրական միտումներ են նկատվում նաև հարկ վճարողների բարեվարքության գծով, այսինքն՝ նախկին հարկերից խուսափելու էդ դեպքերը գնալով քչանում են, վարչարարությունը բավական արդյունավետ է գործում, իհարկե ես չեմ ասում, որ ընդհանրապես բացառվում են չարաշահումները՝ հարկերի չվճարման հետ կապված, սակայն ընդհանուր պատկերը, կարծում եմ՝ բավական դրական է:
Հարկերի հավաքագրմանը զուգահեռ՝ 8 ամսում քաղաքացիներին եկամտային հարկի գծով վերադարձվել է 25.6 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան